ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞րն է Մակրոնի դիվանագիտության իրական ազդեցությունը

Ո՞րն է Մակրոնի դիվանագիտության իրական ազդեցությունը
25.07.2017 | 11:01

Ընտրությունից հետո Ֆրանսիայի նախագահը հրավերներ ուղարկեց բազմաթիվ ղեկավարների, ամեն անգամ գործելով մշակված սխեմայով՝ ջերմ ընդունելություն, բարեկամական ժեստեր և ճշմարտացի զրույց: Այդ մարտավարությունը բավականին հմուտ է, սակայն կդառնա ռիսկային, երբ ակնկալված արդյունքները չտա: Եթե ընտրարշավում կասկածներ կային, արագ ցրվեցին՝ Էմանուել Մակրոնը շատ արագ հագավ երկրի գլխավոր դիվանագետի կոստյումը: Ինչպես իր նախորդները Ժորժ Պոմպիդուի վախճանից հետո 1974-ին (այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո Վալերի Ժիսկար դ'Էստենը և Հելմուտ Կոլն անմիջապես առաջադրեցին G7-ի կազմավորման գաղափարը), պետության նոր ղեկավարը անմիջապես նետվեց բարձր մակարդակով հանդիպումների շրջապտույտը: Նրան նույնիսկ հաջողվեց առանձնանալ իր հյուրերի ազդեցիկությամբ՝ Վլադիմիր Պուտին, Մահմուդ Աբաս, Դոնալդ Թրամփ, Բենիամին Նեթանյահու: Եվ դա, չհաշված եվրոպացի գործընկերների հետ հանդիպումները, առաջին հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Իր խոսքով՝ նա «մշտական երկխոսության» մեջ է Գերմանիայի կանցլերի հետ: Մակրոնի ամենաազդեցիկ հյուրերի ցանկում պակասում է միայն Սի Ցզինպինը: Երիտասարդ նախագահն արդեն ընդունել է Պեկին այցի հրավերը այս տարեվերջին կամ եկող տարեսկզբին: Մի՞թե Ֆրանսիան միջազգային խաղի կենտրոն վերադարձնելու պատմության մեջ ընտրության տեղ կա: ՌԴ նախագահին առաջարկվեց Վերսալը և Պետրոս Մեծի մասին ցուցահանդեսը, ամերիկացի մագնատին՝ ԱՄՆ զորքերի մասնակցությունը առաջին աշխարհամարտին 1917-ին, Իսրայելի վարչպետին՝ արարողություն ի հիշատակ Վել դ'Իվի շուրջկալի: Պաղեստինի ինքնավարության ղեկավարի հրավերը Փարիզ փոխհատուցում էր Բենիամին Նեթանյահուի այցի՝ միջոց, ցույց տալու, որ Ֆրանսիան վարում է հավասարակշռված քաղաքականություն պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտում:.
Ամեն անգամ Էմանուել Մակրոնը օգտագործում է լավ մշակված սխեմա՝՝ ջերմ ընդունելություն, բարեկամական ժեստեր և ճշմարտացի զրույց: Վերսալում նա Վլադիմիր Պուտինի ներկայությամբ դատապարտեց «ռուսական ներխուժումը» ՈՒկրաինա, հոմոսեքսուալիստների հետապնդումը և ֆեյք նորությունների տարածումը Կրեմլին ենթակա ԶԼՄ-ներով: Դոնալդ Թրամփը հարկադրված էր օգտագործել հումորի իր ամբողջ զգացումը, որ ըստ արժանվույն գնահատի բնապահպանական ձևափոխված կարգախոսը՝ «Մեր մոլորակը նորից մեծ դարձնենք»: Իսրայելի վարչապետը որևէ արձագանք չտվեց օկուպացված տարածքներում շինարարության սպասվելիք քննարկմանը, որը, չի կարելի չընդունել, ստվերվեց Իսրայելի պետությանը աներկբա աջակցութան հաստատմամբ:


Էմանուել Մակրոնը աստիճանաբար ուրվագծում է նոր դիվանագիտության պրագմատիկ ու ռեալիստական պատկերը, որտեղ «իրավապաշտպանությունը» ավելի քիչ է, քան երկու նախորդների օրոք՝ ինչպես կասեր Յուբեր Վեդրինը: Նրանցից իր տարբերությունները, ի դեպ, Մակրոնը շեշտում է: «Ես վերջ կդնեմ նեոպահպանողականությանը, որ Ֆրանսիա ներմուծվեց տասը տարի առաջ»՝ հայտարարեց նա հունիսի վերջին եվրոպական թերթերին տված մեծ հարցազրույցում: Նեոպահպանողականության կասկածները երկու փաստարկի վրա են հենվում: Նախ՝ խոսքը Ֆրանսիայի ԱԳՆ-ում դիվանագետների մի խմբի մասին է (նրանց երբեմն անվանում են «աղանդ»), որն ընկալունակ է ԱՄՆ նեոպահպանողականների դրույթների նկատմամբ: Երկրորդ՝ դա վերաբերում է այդ դիվանագետների ազդեցությանը Նիկոլա Սարկոզիի ու Ֆրանսուա Օլանդի արտաքին քաղաքականության վրա՝ հօգուտ ավտոկրատների դեմ ժողովրդական բողոքների աջակցության զինված միջամտությունների կամ վարչակարգի փոփոխությունը հեշտացնելուն: Նեոպահպանողականության այդ պարզունակեցված ընկալումը (նեոպահպանողականությունը շատ ավելի բազմազան ու համալիր ուղղություն է, քան կարելի է մտածել՝ դատելով բնորոշումից) որոշ դեպքերում հավասարվում է «արևմտականությանը», այսինքն՝ արևմտյան արժեքների գերակայության մեջ համոզվածությանը և մյուս ժողովուրդների դրանց պարտադրելու ձգտումներին, այդ թվում՝ ուժով: Նեոպահպանողականությունը Ֆրանսիայում իր մասին բարձրաձայնեց, երբ անկում էր ապրում ԱՄՆ-ում ընդդեմ Սադամ Հուսեյնի Իրաքում միջամտության ֆիասկոյից հետո:


Արաբական գարնան ժամանակ Ֆրանսիան չանցավ ԱՄՆ-ի կողմը: Երկար տատանումներից հետո Ֆրանսիան եզրակացրեց, որ ավտորիտար վարչակարգերը ժողովրդական ընդվզումների համապատկերում կայունության երաշխիք չէին: Իրաքի ու Աֆղանստանի դառը փորձից հետո Բարաք Օբաման վճռեց կողմ քաշվել: Էկանուել Մակրոնը արդարացի նկատեց, որ Ֆրանսիան իզուր է «պատերազմել Լիբիայում», քանի որ միջամտության հետևանքով դաժան պետության փոխարեն հայտնվեց ահաբեկչության օջախ: Դա բնավ չի նշանակում, որ Ասադի իշխանություն մնալը երաշխավորում է կայունություն, առավել ևս՝ խաղաղություն ու առաջընթաց: Նախագահը համարում է, որ դիվանագիտության հիմքում պետք է լինի երկխոսությունը նրանց հետ, ում հետ դու համաձայն չես: Նա հենց այդպես էլ վարվում է և ձգտում է վիճելի հարցերում ավելի ուղիղ խոսել: Ընտրությունից հետո նա արդեն աչքի ընկավ առավել մեծ միջազգային լարում հարուցող հարցերում՝ ՈՒկրաինա, Սիրիա, Իրան, պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտ, կլիմա: Ամենուր նա հանդես է գալիս սեփական առաջարկներով, որ ենթադրում են աշխատանքային խմբի ստեղծում կամ միջնորդների նշանակում, եթե դեռ չկան: Դրանում վերստին ի հայտ են գալիս նրա դիվանագիտության հիմքերը: Նա հասկանում է, որ իրեն ավելի հաճույքով կլսեն, եթե հընթացս չբացառի ուժի կիրառումը: Այդպես նա հստակ հասկացրեց Բաշար Ասադի դաշնակից Վլադիմիր Պուտինին, որ եթե սիրիական վարչակարգը նորից քիմիական զենք կիրառի, հետևանքներ կլինեն: Մակրոնի համար դա «կարմիր գիծ» է, որը Ֆրանսիան մտադիր է պնդել: Միայնակ էլ, եթե պահանջվի: Առանց 2013-ի օգոստոսի իրավիճակի կրկնության, երբ Ֆրանսուա Օլանդը հարկադրված էր նահանջել, երբ Բարաք Օբաման չցանկացավ նրան աջակցել: Հարցազրույցում նախագահն ընդգծեց, որ դա դատարկ սպառնալիք չէ. «Ես համոզվել եմ օպերացիոն հնարավորությունների գոյության մեջ, նախքան այդ մասին հայտարարելը»:
Դեռ բարդ է ասել՝ կբերի՞ դիվանագիտական այդ գործունեությունն արդյունքներ: Ձգտել Ֆրանսիան «խաղի կենտրոն» վերադարձնել և ռեալ քաղաքականության կոնկրետ արդյունքների հասնելը միանգամայն տարբեր իրողություններ են: Էմանուել Մակրոնի լավատեսությունը, որ նա անվանում է «միջազգային քերականություն», իրենից ներկայացնում է հզոր շարժիչ ուժ, սակայն չի կարող ամեն ինչի լուծում տալ: Եվ նույնիսկ կարող է հիասթափություն դառնալ, եթե ակնկալվող հաջողությունները չլինեն:


Կլիմայի տաքացման իրավիճակը հիանալի օրինակ է: G7 սամմիթում Սիցիլիայում Մակրոնը մտածում էր, որ ԱՄՆ-ը դուրս չի գա Փարիզի համաձայնագրից: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը հեշտությամբ հրաժարվեց Վաշինգտոն վերադառնալով: Փարիզում նա միայն մշուշոտ ակնարկեց, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, մինչդեռ Մակրոնը արդեն պատկերացնում էր կլիմայի համաձայնագրի վավերացումը Վաշինգտոնի կողմից: Եթե վավերացվի, նա կհաստատի համոզելու իր ունակությունը: Հակառակ դեպքում՝ կհաստատի իր միամտությունը: Եթե շարունակես զգուշավորությունդ, քեզ վրա ուշադրություն չեն դարձնի: Եթե նվիրվես ակտիվ գործունեության, հնարավոր հարվածների ես քեզ հանձնում, բայց ստեղծում ես նոր հնարավորություններ: Ներքին քաղաքականության մեջ Էմանուել Մակրոնն իր ընտրությունն արել է: Առավել հավանական է, որ նույն որոշումը կընդունի առավել խնդրահարույց արտաքին քաղաքականության ասպարեզում:
Դանիել ՎԵՐՆԵ, Slate.fr


Հ.Գ. Էմանուել Մակրոնը ուզում է փոփոխություններ՝ նա երիտասարդ է և եռանդուն: Դա բնական է և առավել է ընդգծվում Ֆրանսուա Օլանդի նախագահությունից հետո: Ֆրանսիայի նախագահի դիվանագիտությունը Հայաստանի համար հատկապես կարևոր է՝ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և նա Ֆրանսիայի նախագահն է, որ Արևմուտքում ավանդաբար Հայաստանի հովանավորն է: Իսկապես՝ Մակրոնը արդեն աչքի է ընկել միջազգային մեծ լարում հարուցող հարցերում՝ ՈՒկրաինա, Սիրիա, Իրան, պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտ, կլիմա: Մնում է Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ սեփական առաջարկներ կարող է Մակրոնն անել: Աշխատանքային խումբը այս օպերայից չէ, միջնորդներ արդեն կան: Նա դեմ չէ ուժի գործադրման ու ունի «կարմիր գծեր», դա վկայում է սկզբունքայնություն և համարձակություն: Նրա դեպքում հարց չկա ընտրել զգուշավորության ու ակտիվության միջև: Հնարավոր հարվածները գերադասելի են, որովհետև ստեղծում են նոր հնարավորություններ: Մնում է սպասել, թե երբ է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Մակրոնի գլխավորությամբ, նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ այդ հանդիպումից առաջ տրամաբանական կլիներ նրանց հետ առաջին հանդիպումն ունենալ: Առավել մեծ հաջողության համար՝ նրանց տարածքում: Կարո՞ղ է, չէ՞, Մակրոնը այցելել Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան: Աշնանը: Չինաստանի ճանապարհին: Դա կլինի հրաշալի քայլ, նաև պատասխան Պուտինին, որ Հայաստան է գալիս մի քանի ժամով միայն: Այն էլ՝ Գյումրիով: Եթե Էմանուել Մակրոնը սիրում է ընդգծել իր տարբերությունը նախորդ նախագահներից, կարող է ընդգծել և մյուս նախագահներից իր մարտավարության շահեկանությունը: Բոլոր դեպքերում՝ Հայաստան-Ֆրանսիա բարձր մակարդակով հանդիպման ժամանակն է: Սպասենք աշնանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ